Արտաշեսյան արքայատան անկումից հետո Հռոմեական կայսրությունը ձգտում էր իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել դրածո թագավորների միջոցով:
Հայոց գահի համար պայքարում էին նաեւ պարթեւները:
Արշակունյաց դրոշը
Ռազմավարական խոշոր կարեւորություն ունեցող Հայաստանը պայքարի թատերաբեմ էր դարձել հարեւան երկու տերությունների համար:
Հայերը հակված էին համագործակցել պարթեւների հետ, քանի որ նրանք ավելի մոտ էին սովորույթներով ու բարքերով եւ, ի տարբերություն Հռոմի, չէին սպառնում հայոց պետականության գոյությանը:
Նախկինում Հռոմի հետ դաշնակցած եւ նրա ազդեցության ոլորտում հայտնված երկրների մեծ մասը հետզհետե կորցրել էր անկախությունը եւ վերածվել հռոմեական նահանգների` պրովինցիաների:
Հայոց գահին Հռոմի օգնությամբ հավակնում էին տիրել Ատրպատականի, Վրաստանի եւ հարեւան այլ երկրների արքայատների ներկայացուցիչները: Սակայն հայերը հրաժարվում էին ենթարկվել այդ դրածոներին, եւ նրանցից ոչ մեկը չկարողացավ երկար իշխել:
Հայերի համակրանքը կարողացավ շահել միայն Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոնը (18-34), որը ստացավ հայկական Արտաշես անունը: Նա մեծացել էր հայկական միջավայրում, ծանոթ էր հայերի սովորույթներին ու բարքերին, քանի որ հայրը երկար ժամանակ եղել էր Փոքր Հայքի թագավոր:
Տրդատ Ա
Հայ ժողովուրդը ջանում էր ձերբազատվել հռոմեական դրածոների տիրապետությունից, վերականգնել Մեծ Հայքի թագավորության ինքնուրույնությունը, մանավանդ որ Արտաշեսյանների օրոք երկրում ամուր հիմքերի վրա էր դրվել պետական կառավարման համակարգը եւ տարածաշրջանի հզոր թագավորություններից մեկը լինելու մտածելակերպը:
Հռոմեական հզոր կայսրության եւ նրա դաշնակիցների դեմ կես դար տեւած համառ պայքարը, ի վերջո, պսակվեց հաջողությումբ:
Պարթեւ Արշակունիները ցանկանում էին հայկական գահին հաստատել իրենց արքայատոհմի ներկայացուցչին, որպեսզի սերտացնեին համագործակցությունը Հայաստանի հետ եւ հզոր դաշնակից ձեռք բերեին Հռոմի դեմ պայքարում:
Առաջին փորձը կատարվեց 34 թ., երբ Հայոց թագավոր հռչակվեց պարթեւական արքայի որդին` Արշակ Ա Արշակունին, սակայն մեկ տարի իշխելուց հետո դարձավ հռոմեացիների կազմակերպած դավադրության զոհ:
Բնականաբար Արշակունիները հետագայում եւս փորձելու էին հաստատվել հայկական գահին, քանի որ նրանց համակրում էր նաեւ հայոց ավագանին: Պարթեւստանի արքա Վաղարշ Ա Արշակունին իր եղբայր Տրդատին 52 թ. մեծ բանակով ուղարկեց Հայաստան: Հայ ավագանու աջակցությամբ Տրդատը երկրից վտարեց հռոմեացիների դրածո թագավոր վրացի Հռադամիստին:
54 թ. Արտաշատ մայրաքաղաքում Տրդատ Ա-ն (54-88) հանդիսավորությամբ օծվեց Հայոց արքա:
Վաղարշ Արշակունին մինչ այդ մյուս եղբորը` Բակուրին դարձրել էր Ատրպատականի արքա:
Այսպիսով` Արշակունիների արքայատոհմի իշխանության տակ էին հայտնվում Պարթեւստանը, Ատրպատականը եւ Հայաստանը, որոնց միջեւ կհաստատվեին սերտ բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ:
Հռոմեական կայսրությունը վճռական գործողությունների դիմեց Տրդատ Արշակունուն Հայաստանից վտարելու եւ իր ազդեցությունը վերականգնելու համար, սակայն նրա ծրագրերը ձախողվեցին հայ-պարթեւական համագործակցության շնորհիվ:
Ներոն կայսրը 58 թ. մեծ բանակով Հայաստան ուղարկեց Կորբուլոնին: Նա 59 թ. գրավեց ու ավերեց Արտաշատը, Գառնին, ապա Տիգրանակերտում Հայոց արքա հռչակեց հռոմեական դրածո Տիգրան Զ-ին:
Այդ ժամանակավոր հաջողությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Վաղարշը զբաղված էր Պարթեւստանին ենթակա Վրկանից երկրում բռնկված ապստամբությունը ճնշելով:
60 թ. Տիգրան Զ-ն հարձակվեց եւ ավերեց պարթեւներին ենթակա Ադիաբենե երկիրը:
Վաղարշը հաշտություն կնքեց Վրկանում եւ բոլոր ուժերով շարժվեց արեւմուտք:
61 թ. Տրդատը պաշարեց Տիգրանակերտը, իսկ Վաղարշը շարժվեց Ասորիք` Կորբուլոնի դեմ:
Վերջինս հաշտություն առաջարկեց, զորքերը հեռացրեց Հայաստանից եւ ճանաչեց Տրդատի գահակալությունը:
Վաղարշը դեսպաններ ուղարկեց Ներոնի մոտ, որպեսզի նա հաստատի հաշտության պայմանագիրը եւ Տրդատին թագ ուղարկի: Սակայն Ներոնը հրաժարվեց թագ ուղարկել Տրդատին եւ պահանջեց, որպեսզի նա անձամբ մեկնի Հռոմ եւ իր ձեռքից ստանա թագը:
Ներոնը Հայաստան ուղարկեց նոր բանակ` Պետոսի գլխավորությամբ:
62 թ. գարնանը Ծոփաց աշխարհի Խարբերդի դաշտում` Հռանդեա վայրում, հայ-պարթեւական զորքերը հռոմեական բանակին պարտության մատնեցին եւ պարտադրեցին անձնատուր լինել:
Հռոմեացի զինվորները ստիպված էին անցնել երեք նիզակներից կազմված անարգանքի «լծի» տակով, որը խայտառակություն էր նրանց համար:
Գառնիի հեթանոսական տաճար
Պարտությունից հետո Ներոն կայսրը հարկադրված եղավ հրաժարվել ռազմական միջամտություններից եւ Կորբուլոնին լիազորեց բանակցություններ վարել:
64թ. կողմերի միջեւ հաշտության պայմանագիր կնքվեց: Տրդատի պահանջով այն ստորագրվեց Հռանդեայում՝ հռոմեական զորքերի պարտության վայրում: Դրանով նա ցույց էր տալիս, որ Հայոց գահին է բազմում ոչ թե Հռոմի ողորմածության, այլ իր հաղթանակի շնորհիվ:
Հռոմը եւ Պարթեւստանը պայմանագրով ճանաչեցին Տրդատ Ա-ի գահակալությունը, Մեծ Հայքի անկախությունը եւ իրենց զորքերը հեռացրին նրա սահմաններից:
Միաժամանակ պայմանավորվեցին, որ այսուհետեւ Մեծ Հայքի գահի թեկնածուին առաջադրելու էր Պարթեւստանը, եւ հաստատելու էր Հռոմը:
65թ. Տրդատ Ա-ն իր ընտանիքով եւ 3.000-անոց շքախմբով մեկնեց Հռոմ: Ուղեւորության ծախսերը պարտավորվեց վճարել հռոմեական արքունիքը:
Հռոմում Ներոնը Տրդատ Ա-ին մեծ հանդիսավորությամբ օծեց Մեծ Հայքի թագավոր եւ նրա պատվին կազմակերպեց ճոխ հանդիսություններ:
Ներոնը խոշոր գումարներ հատկացրեց պատերազմի ժամանակ ավերված հայկական քաղաքները վերականգնելու համար:
Տրդատը 66 թ. վերադարձավ Հայաստան, զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով:
Նա վերականգնեց Արտաշատը, Գառնին, ուր կառուցեց Արեւի աստված Միհրին նվիրված հեթանոսական տաճարը եւ այլն:
72 թ. եւ 75 թ. Տրդատը հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական (այժմյան օսերը) ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին:
Տրդատ Ա-ն կառավարեց մինչեւ 88 թ. եւ Մեծ Հայքում հիմք դրեց Արշակունի արքայատոհմի իշխանությանը, որն աննշան ընդհատումներով կառավարեց մինչեւ 428թ.:
Комментариев нет:
Отправить комментарий